ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.12.2022
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները

Հանրապետությունում Էկոլոգիական դաստիարակության ոլորտում իրականացվող աշխատանքներն առաջ մղելու, ինչպես նաև էկոկրթության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները։
Այսօր Շրջակա միջավայի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում էր, որտեղ ամփոփվեց ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում կրթահամալիրի սաների հետ հանդիպումների շարքը: 
Միջոցառման նպատակն էր երիտասարդ սերնդին ծանոթացնել բնապահպանական տարբեր ուղղություններին՝ հնարավորություն ընձեռելով իրազեկվելու արդի խնդիրների մասին և մասնակիցը դառնալու հնարավոր լուծումներին:
Նախարարի տեղակալը աշակերտների հետ խոսել է Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներից և դրանց լուծման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարության վարած քաղաքականությունից՝ այդ շղթայում առանձնահատուկ կարևորելով հանրության յուրաքանչյուր անդամի  դերը։
Աշակերտները նախարարի տեղակալին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը հանրապությունում ընդերքօգտագործման, կոշտ թափոնների կառավարման և աղբի տեսակավորման ու վերամշակման վերաբերյալ։
Գայանե Գաբրիելյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև մասնագիտական կողմնորոշման հարցին՝ հորդորելով պատանիներին անդադար սովորել և չդադարել երազել։
Հիշեցնենք, որ նախորդիվ նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները հանդիպումներ էին անցկացրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցի և քոլեջի աշակերտների հետ՝ նրանց ներկայացնելով ոլորտի առաջնահերթությունները։