ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2022
Մայիսի 12-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես բնապահպանական կրթության օր

Էկոլոգիական կրթության որակի բարելավման, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման, հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորման ռազմավարական ծրագրերի շրջանակում  Շրջակա միջավարի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նախօրեին Ա․ Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի հրավերով հյուրընկալվել էր «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանսին։
Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին` Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել աշակերտներին հրավերի համար և ևս մեկ անգամ անդրադարձել բնապահպանական խնդիրների լուծման կարևորությանը․
«Եթե 10-15 տարի առաջ մեզ որևէ մեկն ասեր, որ բնապահպանական խնդիրներն աշխարհում դառնալու են օրակարգ թելադրող, գուցե մենք թերահավատորեն վերաբերվեինք, և շեշտեինք, որ գերակա են ազգային անվտանգության առողջապահության, ռազմարդյունաբերության ոլորտները։ Բայց այսօր իրականությունն այլ է, այսօր բնապահպանական գործոնը դարձել է թելադրող։ 
Այսօր մենք ամեն օր խոսում ենք աշխարհում կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների պակասի, անտառածածկ տարածքների ավելացման և այլ խնդիրների մասին։ 
Եվ այս համատեքստում չափազանց կարևոր է արդեն 5-րդ տարին ձեր կողմից  իրականացվող «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանսը։ Դա խոսում է ձեր՝ ժամանակին համարժեք ընթացքի և գաղափարապես առաջադեմ լինելու մասին։ Դուք առաջադեմ եք անգամ շատ գերատեսչություններից, ովքեր նոր են հասկանում, որ աշխարհում օրեցօր ահագնացող բնապահպանական խնդիրներին զուգահեռ պետք է փոփոխությունների ենթարկեն իրենց գործառույթներն ու մոտեցումները»,- նշել է նախարարի տեղակալը։
Գայանե Գաբրիելյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցիչներին, ղեկավար կազմին ու աշակերտներին և կոչ արել շարունակել ջանքերի համախմբումը էկոլոգիական ռիսկերի կառավարման բնագավառում։
Կոնֆերանսի ավարտից հետո նախարարի տեղակալը ծանոթացել է դպրոցում բնագիտական առարկաների շրջանակում իրականացվող աշխատանքների հետ։