ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.04.2025
Հանրապետությունում ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը խոսել են առաջիկա եղանակային կանխատեսումներից։
- Հիմնականում ապրիլին գերակշռելու են հարավային հատվածներից եկող հոսանքները, սակայն չի բացառվում, որ ամսվա վերջին օրերին կունենանք արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժում։ Այստեղ մեկ պարզաբանում կուզենայի տալ, քանի որ ապրիլին սովորաբար տեղումների ցուցանիշները բավական բարձր են, իսկ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, ուրեմն ակնկալվում է, որ ապրիլին կունենանք բավական տեղումներ։
-  Ինչ վերաբերում է առաջիկա օրերի կանխատեսումներին, ապա  մինչև ապրիլի 8-ը լուրջ ցիկլոնների ներթափանցում չի կանխատեսվում, հանրապետությունը գտնվելու է թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որը տեղումների տեսքով կարտահայտվի գիշերը և երեկոյան ժամերին։ 
-  Ապրիլի 5-8-ն ընկած ժամանակահատվածում հատկապես երեկոյան ժամերին և գիշերը Հայաստանի առանձին հատվածներում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Ապրիլի 9-ից ցիկլոնային պրոցեսները կսկսեն զարգանալ, մեր երկիրը կգտնվի Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցող միջին ուժգնության ցիկլոնի ազդեցության գոտում։ Արդյունքում՝ երկրի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կդիտվեն անձրևներ, առանձին հատվածներում ամպրոպներ։
- Առաջիկա 10 օրերին օդի ջերմասիճանի անկում չի կանխատեսվում։ Դա նշանակում է, որ օրեցօր ցրտահարության ռիսկը նվազում է նախալեռնային և հովտային գոտիներում։