ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.12.2021
Առաջարկվող լրացումները կնպաստեն օդերևութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության և միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է Շրջակա միջավայրի նախարարության  հեղինակած ««Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարար տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ առաջարկվող լրացումները պայմանավորված են ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման և  լիազոր մարմնին օդերևութաբանության և  եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ռեեստրի վարման լիազորություն տալու, նրանց հաշվառելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումով կապահովի օրենքի ներդաշնակեցումը ԵՏՄ իրավակարգավորումներին` նպաստելով օդերևութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության և միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը:
Գայանե Գաբրիելյանը պատասխանել է ռեեստրի վարմանը, գործառույթների չափորոշիչներին վերաբերող հարցերին:
Ռեեստրի վարման վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Նա տեղեկացրել է, որ ներկա պահին Հայաստանում կա 46 օդերեւութաբանական կայան: Ըստ նրա` մեր երկիրն առանձնանում է ֆիզաշխարհագրական բազմազանությամբ և անհրաժեշտ է անընդհատ ընդլայնել օդերևութաբանական դիտարկումների ցանցը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: