Կայացել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում. անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» դրամաշնորհային ծրագրի ներկայացման և վավերացման ազգային աշխատաժողովը:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (ԲԾԻԳ ՊՀ) ներգրավել է բրիտանական «E Co. Ltd» և հայկական ADWISE Consulting ընկերություններին՝ մշակելու Կանաչ կլիմայի հիմնադրամի (այսուհետ՝ ԿԿՀ) Պարզեցված հաստատման գործընթացի (SAP) ֆինանսավորման առաջարկ՝ «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում. անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» վերնագրով ծրագրի համար։
Այսօր կայացել է Ծրագրի ներկայացման և վավերացման ազգային աշխատաժողովը, որին մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, նախարարության ենթակա կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ միջազգային և հասարակական կազմակերպություններից։
Աշխատաժողովի նպատակն էր Ծրագրի բովանդակությունը Հայաստանում անտառային ոլորտի շահագրգիռ կողմերի իրական կարիքներին համապատասխանեցնելու նպատակով ծրագրային արդյունքների, միջոցառումների և դրանց արդյունավետության վերաբերյալ կարծիքների հավաքագրումը:
Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը կարևորել է միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը՝ որպես անտառային ենթակառուցվածքների զարգացման և բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման առանցք։
«Հայաստանը վաղուց բախվում է այնպիսի ոլորտային խնդիրների, ինչպիսիսք են անտառահատումները, կլիմայի փոփոխության բացասական հետևանքները և անտառներից կախում ունեցող համայնքների վրա տնտեսական ճնշումները։ Այսօր մենք հնարավորություն ունենք հակադարձել այս միտումը և անտառների դեգրադացիայի ցիկլից անցում կատարել դեպի դրանց բարգավաճման ցիկլ:
«Հայաստանում կանաչ վերականգնման խթանում» ծրագիրը կարևոր քայլ է այդ նպատակին հասնելու ճանապարհին։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել երկրում անտառների հարմարվողական կառավարման կարողությունները, ստեղծել կայուն աշխատատեղեր և արդիականացնել անտառտնտեսության կառավարումը Կանաչ կլիմայի հիմնադրամի աջակցությամբ:
Վերջինիս կողմից ծրագրի ֆինանսավորման ներգրավումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է Հայաստանի անտառների վերաբերյալ երկարաժամկետ տեսլականի ձևավորմանը՝ ապագա սերունդներին առողջ, բարգավաճ, կենսաբանական բազմազանությամբ և տնտեսական հնարավորություններով հարուստ լանդշաֆտներ ժառանգելու նպատակով»,-նշել է Արա Մկրտչյանը։
Նախպարարի տեղակալը Շրջակա միջավայրի նախարարության անունից շնորհակալություն է հայտնել ներկաներին, Կանաչ կլիմայի հիմնադրամի գործընկերներին, ներգրավված փորձագետներին, պետական, մասնավոր հատվածների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ այս կարևոր նախաձեռնությանն աջակցության համար:
