Հայաստանի Հանրապետությունը ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացել համաժողով:
Երևանում կայացավ Կայուն զարգացման միջազգային համաժողով, որը յուրատեսակ կամուրջ է Բրազիլիայում կայանալիք COP30-ի և Հայաստանում կայանալիք COP17-ի միջև: Քանի որ միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025 թվականի համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025 թվականի նոյեմբերի 10-21) և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) 2026 թվականի աշնանը, այս նշանակալի պահը պահանջում է միավորված տեսլական, ինտեգրված գործողություններ և միջազգային համագործակցություն։
Միջոցառմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով բացման իր խոսքում նշել է.
«Առողջ շրջակա միջավայր ունենալը մարդու հիմնարար իրավունքներից է։ Որպեսզի ունենանք կայուն զարգացող, հզոր երկիր և ապահովենք երկարաժամկետ առաջընթաց, պետք է ունենանք առողջ շրջակա միջավայր, որովհետև մեր արտադրանքն ու ծառայությունները գալիս են շրջակա միջավայրի որակից։ Եթե ունենք գյուղատնտեսական ապրանքներ, մասնավորապես կաթնամթերքը, որ ստանում ենք արոտավայրերից, ուրեմն պետք է պահպանենք կենսաբազմազանությունը, որն անհրաժեշտ է բարձր որակի սննդամթերք արտադրելու համար։ Խոսում ենք շուկաների դիվերսիֆիկացիայի մասին՝ մատնանշելով, որ Հայաստանը բռնել է ԵՄ տանող ճանապարհը, ուստի այդտեղ շատ կարևոր են մեր արտադրանքի որակն ու շուկայի դիվերսիֆիկացիան»։
Նախարարի տեղակալի խոսքով՝ շատ կարևոր է նման հարթակներում ընդգծել, թե որքան էական է շրջակա միջավայրի պահպանությունը, թե որքան կարևոր է պայքարել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների դեմ՝ պահպանելով մեր հողերն անապատացումից.
«Այստեղ է, որ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն ունի անելիքներ, բայց մենք միայնակ չենք կարող հաջողությունների հասնել, ուստի անհրաժեշտ է պետական համակարգի, մասնավոր սեկտորի, գիտական հաստատությունների, ՀԿ-ների և միջազգային գործընկերների սերտ համագործակցությունը։ Հայաստանի տնտեսությունը շատ կախված է վարկերից, ուստի համապատասխան վարկավորումը շատ կարևոր է բիզնեսն առաջ տանելու համար։ Հենց այստեղ է, որ մասնավոր սեկտորին պատկանող ֆինանսական կառույցներում բնապահպանական մոտեցումներն հաշվի առնող վարկերը իրական դաշտում կարող են տալ ցանկալի արդյունք, այսինքն՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրները՝ կարող են ապահովել ներդրողների ու բիզնեսմենների համար կայուն, երկարաժամկետ զարգացում, ինչպես նաև հնարավորություն կտան Հայաստանին իր որակյալ արտադրանքը ներկայացնել այնպիսի շուկաներում, որոնք բավականին բծախնդիր են ապրանքների որակի և դրանց արտադրության պայմանների նկատմամբ»։
Մեյմարյանն ընդգծել է, որ Հայաստանը, ստանձնելով կենսաբազմազանության COP-17-ի նախագահությունը, պետք է լինի առաջատար և օրինակելի երկիր շրջակա միջավայրի պաշտպանության առումով։ ՄԱԿ-ն ու ԵՄ-ն արդեն կանգնած են ՀՀ-ի կողքին, քանի որ բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացվում են համատեղ ջանքերով, տալիս են գիտելիք և ճանապարհ՝ անցում կատարելու դեպի ավելի արդյունավետ և գիտելիքահեն լուծումների՝ կանխելով հողերի անապատացումը և կառավարելի դարձնելով ջրային ռեսուրսների ու անտառների պահպանությանն առնչվող աշխատանքները։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում նշել է, որ COP-17-ի կազմակերպումը Հայաստանում համատեղ նախաձեռնություն է, քանի որ փոխգործակցությունն այդ առումով չափազանց անհրաժեշտ է։
Նրա կարծիքով՝ Հայաստանն իսկապես հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և այդ առումով ունի մեծ ներուժ.
«Անտառների պահպանումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և հողերի անապատացման կանխարգելումը շատ կարևոր թեմաներ են, ուստի կենսաբազմազանությանն առնչվող հարցերը պետք է լինեն առանցքային։ Սա կարևոր է նաև ԵՄ-ի համար Հայաստանի կառավարության հետ համագործակցության համատեքստում»։
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն իր հերթին նշել է, որ COP 17-ի շրջանակում կայացվելու են կարևոր որոշումներ, իսկ Հայաստանը ստանձնելու է երկամյա պատասխանատվություն այդ որոշումների իրականացման ու վերահսկման համար։
