Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի «Ֆիզիկական աշխարհ» սեկցիայի ընթացքում ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:
Բանախոսներն իրենց դիտարկումներով մասնակցել են «Կենսաբազմազանություն, բնակլիմայական պայմաններ, գլոբալ տաքացում» և «Բնական ռեսուրսների կառավարման առաջնահերթությունները. խնդիրներ, մարտահրավերներ» խորագրերով քննարկումներին։
Նրանք ներկայացրել են ոլորտում առկա մարտահրավերներն ու նախարարության իրականացրած և նախատեսվող ռազմավարական քայլերը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը, կլիմայական փոփոխությունների մեղմմանը, ջրային ու մետաղական ռեսուրսների պատասխանատու կառավարմանը, ինչպես նաև մոնիթորինգային տվյալների վրա հիմնված քաղաքականությունների մշակման անհրաժեշտությանը։
Հատուկ շեշտադրվել է գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության կարևորությունը՝ որպես գիտահեն բնապահպանական քաղաքականության հիմնական ուղղություն։
