ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.09.2025
Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է բարձր մակարդակի երկխոսության, որը նվիրված էր կլիմայի փոփոխության համատեքստում տեղեկատվության ամբողջականության հարցին

Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է բարձր մակարդակի երկխոսության, որը նվիրված էր կլիմայի փոփոխության համատեքստում տեղեկատվության ամբողջականության հարցին։ 
Իր խոսքում նախարարը շեշտել է, որ տեղեկատվության ամբողջականությունը կենսական նշանակություն ունի՝ որպես վստահելի քաղաքականությունների մշակման, հանրային իրազեկվածության բարձրացման և միջազգային համագործակցության հիմք։ Այդ հարցը չափազանց կարևոր է նաև կլիմայական գործողությունների հաջողության համար, քանի որ ապատեղեկատվությունը խաթարում է գիտական կոնսենսուսը և ձգձգում իրական փոփոխությունները։
Շնորհակալություն է հայտնել COP30-ի  նախագահությանը, ինչպես նաև ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և գործընկեր պետություններին՝ այս նախաձեռնության համար։ Հայաստանը հետևողականորեն ներգրավված է միջազգային գործընթացներում՝ նպատակ ունենալով ոչ միայն պահպանել  Կլիմայի  փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) սահմանած չափանիշները, այլև խթանել նորարար տեխնոլոգիաների կիրառումն իրական ժամանակի տվյալների մոնիթորինգի և հանրային իրազեկման համար։
Նշել է նաև, որ այս տարվա մայիսին Երևանում, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, Հայաստանի և Բրազիլիայի համանախագահությամբ տեղի ունեցավ փակ քննարկում՝ նվիրված կլիմայի փոփոխության և բնապահպանական հարցերում տեղեկատվության ամբողջականության ամրապնդմանը։ Սա ևս մեկ քայլ էր Հայաստանի՝ առաջիկա կարևոր միջոցառումների նախապատրաստական գործընթացում։
Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ Կողմերի համաժողովը (COP17)։ Կառավարության նպատակն է ոչ միայն բարձր մակարդակով կազմակերպել այդ համաժողովը, այլև արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի հարուստ կենսաբազմազանության ժառանգությունը, պայքարել ապատեղեկատվության դեմ և նպաստել միջազգային որոշումների արդյունավետ իրագործմանը։ Տեղեկատվության ամբողջականությունը պահանջում է ոչ միայն կառավարությունների, այլև քաղաքացիական հասարակության, գիտնականների և մասնավոր հատվածի ներգրավվածությունը։