Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այսօր մասնակցել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերի մեկնարկային աշխատաժողովին։
Աշխատաժողովին մասնակցել են նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
Նախարարի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, ի դեմս՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությանն ու Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW), ինչպես նաև Շվեյցարիայի կառավարությանն ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը համագործակցության և Հայաստանում շրջակա միջավայրի ոլորտի զարգացման և արդյունավետ կառավարման գործընթացին շարունակական աջակցության համար։
«Տարիների ընթացքում բնության հանդեպ ոչ բարեխիղճ վերաբերմունքի դրսևորման արդյունքում մենք ունեցանք մի իրավիճակ, երբ որոշ կենդանատեսակներ հայտնվել են անհետացման վտանգի եզրին։ Այս խնդրի լուծման համատեքստում էկոլոգիական միջանցքների ստեղծումն այն կարևորագույն միջոցառումներից է, որը թույլ տվեց բարելավել իրավիճակը և նպաստել կենդանիների ազատ ու անվտանգ տեղաշարժին բնության հատուկ պահպանվող տարածքներում և իրենց բնակության արեալներում»,-նշել է նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների միջև ցանցի ստեղծման Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական ծրագրի շրջանակում մեծ նշանակություն ունի էկոլոգիական միջանցքների ստեղծումը։
Արամ Մեյմարյանն այնդրադարձել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ու հարակից համայնքների միջև իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներին։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է ծրագրերը, քանզի իրենց արդյունքներով դրանք կնպաստեն համայնքների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությամբ զբաղվող մարմինների միջև կապի ձևավորմանը՝ համայնքներին ներգրավելով բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության և կառավարման գործընթացներում։
Ելույթներվ հանդես են եկել աշխատաժողովի մասնակիցները, ներկայացվել է երկու ծրագրերի միջև փոխկապվածությունը, քննարկվել են դրանք կյանքի կոչելու ճանապարհներ։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ միավորելով բոլոր ջանքերը, ներգրավելով միջազգային գործընկերների փորձը և գործի դնելով մեր ամբողջ ներուժը կարող ենք ապահովել այս երկու ծրագրերի արդյունավետ իրականացումը։
