ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.07.2025
Կայացել է Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի նիստը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են համաձայնագրի կիրարկման ընթացքը և Հայաստան-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։
Կողմերը ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ոլորտում գրանցված զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների և հանձնառությունների վրա։ 
ՀՀ և ԵՄ պատվիրակությունները բարձր են գնահատել նաև 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրագործման ընթացքը՝ միտված բիզնես ոլորտներում ներդրումների խթանմանը և ոլորտային համագործակցության խորացմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» և ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնությունների շրջանակում։
Հատուկ ուշադրություն է դարձվել օրենքի գերակայության, դատական և իրավապահ համակարգերի բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գրանցված առաջընթացին։ ԵՄ կողմը ընդգծել է այդ ոլորտներում շարունակական բարեփոխումների անհրաժեշտությունը՝ խտրականության բոլոր ձևերի վերացման և քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման տեսանկյունից։
Նիստի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ կողմից բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում իրականացվող ռազմավարական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով հետևյալ հարցերին.
- Վտանգավոր թափոնների կառավարման բարելավում
-    «Կլիմայի մասին» օրենքի նախագիծ՝ ներառող ածխածնի գնագոյացման գործիքակազմ, արտանետումների թույլտվություններ, ինչպես նաև ֆինանսական խթանման մեխանիզմներ
- NDC 3-ի (Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) մշակում
- Թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում
- COP17-ի հյուրընկալման նախապատրաստական քայլեր
- Թափոնների կառավարում և ԱԸՊ (արտադրողի ընդլայնված պատասխանատվություն) համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներ
- Բնապահպանական թվային ծառայություններ՝ բնության պահպանության ոլորտում քաղաքացիների և բիզնեսի համար մատչելի դարձված առցանց հարթակների ներդրում (https://nature.e-gov.am/)
- EU4Green Recovery East ծրագիր՝ ԵՄ բնապահպանական օրենսդրության մոտարկման նպատակով մեկնարկած եռամյա տարածաշրջանային նախաձեռնություն։
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման, տնտեսության դիվերսիֆիկացիայի, փոխադարձ առևտրի ընդլայնման, թվային և կանաչ փոխակերպումների, էներգետիկ անվտանգության ու կլիմայական գործողությունների ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը աջակցել Հայաստանին՝ հանուն կայուն, ժողովրդավարական և կենսապահով միջավայրի։