ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.05.2025
Տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին կից կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ֆինանսավորման և կոնվենցիայի ներքո երկրի հաշվետվայնության հարցերով մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբերի համատեղ նիստը։
Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը ողջունել է ներկաներին և ներկայացրել Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած հանձնառությունների իրականացման և ազգային կլիմայական օրակարգի նպատակներին հասնելու համար տարվող աշխատանքները։ Մասնավորապես նշել է Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ ԱՍԳ/NDC կարևորության մասին, խոսել միջոցառումներ իրականացնելու համար հնարավոր աջակցության ձևերի, այդ թվում ԱՍԳ Գործընկերության մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ 2025 թվականին նախատեսվում է վերանայել և Կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի նոր ԱՍԳ 3.0 փաստաթուղթը։
ԱՍԳ գործընկերության ֆասիլիտատոր Հայրապետ Հակոբյանը ներկայացրել է ԱՍԳ գործընկերության աջակցության համակարգման պլանը և առցանց հարթակի կիրառման հնարավորությունները, պարզաբանել, թե ինչպես կարող է ԱՍԳ գործընկերության աջակցության համակարգման պլանը աջակցել կլիմայական ծրագրերի և գործընթացների վերաբերյալ տեղեկատվության/տվյալների բացերի հասցեագրմանը, բացահայտված կարիքներին համահունչ կլիմայական գործողությունների պլանավորմանը, մոբիլիզացնել միջազգային գործընկերների աջակցությունը, նպաստել Կառավարության հաշվետվողականության պարտավորություններին։