Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Պանամայում մասնակցում է Nature Summit 2025 բարձր մակարդակի համաժողովին և հանդես է եկել համատեղ նախագահողի խոսքով։
Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Պանամայի կառավարությանը նախաձեռնության համար և ընդգծել, որ բնության պահպանության շուրջ համաշխարհային համագործակցությունը երբեք այսքան կարևոր չի եղել. աշխարհը կանգնած է կենսաբազմազանության կորստի, կլիմայական փոփոխությունների և հողերի դեգրադացիայի խորացող մարտահրավերների առաջ։
«Այս գագաթնաժողովը միայն բնության մասին չէ. այն վերաբերում է մեր հարաբերությունները բնության հետ վերաիմաստավորմանը։ Միայն համագործակցության, վստահության և համատեղ գործողությունների միջոցով է հնարավոր իրական փոփոխություն ապահովել»,- ասել է Արամ Մեյմարյանը։
Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը, որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի` COP17-ի հյուրընկալող երկիր, լիովին հանձնառու է համաշխարհային ջանքերին և շեշտել, որ բնության վրա հիմնված լուծումները (Nature-based Solutions) հանդիսանում են աշխատանքի նոր ուղղություն, որը միավորում է Ռիոյի երեք կոնվենցիաները։
Միջոցառմանը հատուկ հյուր է եղել ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը և այն համանախագահել է Պանամայի Բնապահպանության նախարար Խուան Նավարոն:



