ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.11.2024
Ճանաչողական դաս Հայաստանի Բնության պետական թանգարանում

Վտանգավոր թափոններ. ճանաչողական դաս Հայաստանի Բնության պետական թանգարանում:
Էկոլոգիական գիտելիքների ամրապնդման, վտանգավոր թափոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով բնապահպանական միջոցառում է տեղի ունեցել Շրջակա միջավայրի նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում։
Շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետ Լիանա Փափախչյանն Արմավիրի մարզի Արաքսի միջնակարգ դպրոցի աշակերտներին ներկայացրել է թափոնների ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության, թափոնների հետ պատշաճ վարվեցողության կարևորության, թափոնների՝ ըստ վտանգավորության դասակարգման, դրանց վնասակար ազդեցության վերաբերյալ տեղեկություններ։
Միջոցառմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ «Sweco International AB» ընկերությունից, որը  Հայաստանում Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ վտանգավոր թափոնների կառավարմանն ուղղված տեխնիկական աջակցության շրջանակներում շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրում է վտանգավոր թափոնների կառավարման բարելավմանն ուղղված խորհրդատվություն և իրավական աջակցություն։
«Sweco International AB» ընկերության փորձագետ Իրինա Մկրտչյանն աշակերտներին ներկայացրել է կենցաղում հաճախ հանդիպող վտանգավոր թափոնների, դրանց տեսակների, պիտակավորման, ազդեցության մասին տեղեկատվություն։
Ճանաչողական դասի ավարտին ցուցադրվել է տեսանյութ թափոնների տեսակների վերաբերյալ, ինչն ամփոփվել է հարցուպատասխանով։