Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության Նագոյայի արձանագրության ղեկավար Թաուկոնջո Շիկոնգոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության միանալու գործընթացը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Գենետիկ ռեսուրսների հասանելիության և դրանցից ստացված օգուտների արդարացի և հավասարաչափ բաշխման վերաբերյալ Նագոյայի արձանագրությանը։ Թաուկոնջո Շիկոնգոն ներկայացրել է արձանագրության հիմնական մեխանիզմներն ու դրույթները, միջազգային հաջողված փորձը, ինչպես նաև պետական կառույցների և գիտական հաստատությունների դերը արձանագրության արդյունավետ իրագործման գործում։ Նա ընդգծել է, որ արձանագրությանը միանալը հնարավորություն է ստեղծում ապահովելու գենետիկ ռեսուրսների օգտագործման թափանցիկությունը, գիտական համագործակցության ընդլայնումը և տեղական համայնքների շահերի պաշտպանությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև արձանագրությանը միանալու գործընթացում առաջացող հնարավոր ռիսկերը և դրանց նվազեցման ուղիները։ Այս առումով առանձնացվել են մի շարք առաջնահերթություններ՝ իրավական դաշտի կատարելագործում, գենետիկ ռեսուրսների հաշվառման համակարգի ներդրում, ինչպես նաև շահառու կողմերի կարողությունների զարգացում՝ պետական, գիտական և հասարակական ոլորտներում։ Արամ Մեյմարյանը նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստ է շարունակել արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի Կոնվենցիայի քարտուղարության հետ՝ ինչպես Նագոյայի արձանագրությանը միանալու գործընթացում, այնպես էլ դրա դրույթների իրագործման փուլերում։ Նա ընդգծել է, որ արձանագրությանը միանալը Հայաստանի համար կարևոր քայլ է կենսաբազմազանության պահպանության և բնությունից ստացվող օգուտների արդարացի բաշխման ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականին Հայաստանում։ Քննարկվել են կազմակերպչական, տեխնիկական և հանրային իրազեկման ուղղությամբ նախատեսվող քայլերը։ Հանդիպման ավարտին Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Թաուկոնջո Շիկոնգոյին բովանդակային քննարկման և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ Նագոյայի արձանագրությանը միանալը կնպաստի Հայաստանի՝ կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական քաղաքականության միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը։
