«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այցելել է Հայաստանի բնության պետական թանգարան։
Նախարարի տեղակալը թանգարանի այցելուների հետ շրջել է ցուցասրահներում, ծանոթացել Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի ցուցադրված հազվագյուտ նմուշներին։
Հայաստանի բնության պետական թանգարանը եզակի է տարածաշրջանում հավաքածուներով ու թանգարանային արժեքներով: Թանգարանի չորս սրահներում ներկայացված են կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների, սարդակերպերի խրտվիլակներ,կմախքներ, կաշիներ, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, հերբարիումի, բրածո բույսերի ու կենդանիների,օգտակար հանածոների նմուշներ, յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլն:
Նախարարի տեղակալն իր շնորհակալությունն ու գոհունակությունն է հայտնել թանգարանի աշխատակիցներին որակյալ աշխատանքի և այն նվիրումի համար, որով նրանք ամեն օր շարունակում են հարյուրավոր քաղաքացիների ծանոթացնել մեր երկրի բնության յուրահատկություններին ու ընդերքի հարստությանը:
