ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2023
Էկոկրթական միջոցառում Հայաստանի բնության պետական թանգարանում

Հանրապետությունում էկոլոգիական դաստիարակության ոլորտում իրականացվող աշխատանքներն առաջ մղելու, ինչպես նաև էկոկրթության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են իրականացվել միջոցառումներ:
Եթե օձին չվնասենք, այն նախահարձակ չի լինի. oձերի ակտիվացման շրջանում այս և օձերին վերաբերող այլ թեմաների վերաբերյալ էկոկրթական-իրազեկման միջոցառում էր կազմակերպվել Հայաստանի բնության պետական թանգարանում։ Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, սողունաբան Լևոն Աղասյանը միջոցառման մասնակիցներին տեղեկացրեց՝ ինչպե՞ս տարբերել օձերին, Հայատանում ի՞նչ օձեր են հանդիպում, ո՞րն է թունավոր, ո՞րը՝ ոչ, ի՞նչ անել դրանց տեսնելիս, խայթոցի դեպքում ինչպե՞ս վարվել, ի՞նչ օգնություն ցուցաբերել։
Այսպիսով՝
ՕՁԻՆ ՀԱՆԴԻՊԵԼԻՍ
-Խուճապի մի՛ մատնվեք,
-Կտրուկ շարժումներ մի՛ արեք. մնացե՛ք անշարժ,
-Մի՛ փորձեք հարվածել կամ վնասել,
-Համբերատար սպասեք. օձն ինքը կհեռանա։ 
ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻ ԴԵՊՔՈՒՄ 
-Անհապաղ դիմե՛ք բժշկի, 
-Չզբաղվե՛ք ինքնաբուժությամբ,
-Չկպչե՛ք վերքին, չփորձեք ինքնուրույն լուծել խնդիրը
-Չանե՛ք կտրուկ շարժումներ 
-Ընդունե՛ք մեծ քանակությամբ հեղուկ։
Հիշե՛ք՝ օձերը, ինչպես և ցանկացած կենդանի, էկոհամակարգի կարևոր բաղադրիչ են, ուստի՝ պահպանենք նրանց՝ չոչնչացնելով։ Կարմիր գրքում գրանցված օձերին ոչնչացնելը բնապահպանական իրավախախտում է, որի հետևանքով պատճառված վնասը փոխհատուցվում է օրենքով սահմանված կարգով։