ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Աիդա Իսկոյանի անվան Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ նախաձեռնել էին «Շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողով:
Գիտաժողովի նպատակն էր ստեղծել դինամիկ հարթակ ուսանողների և ոլորտի մասնագետների միջև ակտիվ քննարկումների ծավալման և Հայաստանում բնապահպանական հիմնահարցերով զբաղվող հետազոտողների ցանցի ընդլայնման համար:
Նախաձեռնության շրջանակում ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի բակալավրատի ու մագիստրատուրայի շուրջ հինգ տասնյակ ուսանողներ բնապահպանական լայնածավալ թեմաների շուրջ ներկայացրել են իրավական վերլուծություններ: Գիտաժողովի հանձնախմբի կողմից լավագույն ճանաչված տաս զեկույցների հեղինակներ հրավիրվել են դեկտեմբերի 6-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպված գիտաժողովին հրապարակային ներկայացնելու իրենց աշխատանքները: Գիտաժողովին մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ տարբեր ԲՈՒՀ-երից, շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, բազմաթիվ հյուրեր և ուսանողներ:
Հետաքրքիր ելույթներին հաջորդել է ակտիվ հարցուպատասխան: Ուսանողներին հանձնվել են մասնակցության վկայականներ, իսկ լավագույն հինգ մասնակիցների պրոֆեսոր Աիդա Բագրատի Իսկոյանի ընտանիքի կողմից հանձնվել են հուշանվերներ:
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, Ա.Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը բարձր գնահատելով ուսանողների ջանքերը, էկոլոգիական մշակույթի, էկոլոգիական կրթության համար մեծ դեր ու նշանակություն ունեցող նմանատիպ միջոցառումները, կարևոր են համարել հետագայում նման միջոցառումների շարունակականության ապահովումն ու տարածաշրջանային ընդլայնումը: