ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2024
Հանդիսավոր կերպով նշվեց Օդերևութաբանության համաշխարհային և ՀՀ Օդերևութաբանի օրը

Մարտի 25-ին կայացել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության արդյունքները։ 
Հանդիսավոր նիստին ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործընկերները։
Իր շնորհավորական ուղերձում նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու գործընկերներին, ում ջանքերի շնորհիվ ոլորտը զարգացում է ապրում․
«Այժմ, քան երբևէ, մեծ է գիտելիքի և փորձառության պահանջարկը ձեր մասնագիտական բնագավառում՝ այն է՝ ճիշտ ժամանակին և ճշգրտորեն կանխատեսել բնական երևույթները, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով իրականացնել շրջակա միջավայրի մշտադիտարկման աշխատանքներ։
Այսօր արդեն տնտեսական գործունեության բոլոր ճյուղերը՝ սկսած տրանսպորտից, շինարարությունից, առողջապահությունից, տուրիզմից և այլ ճյուղերից ենթարկվում են եղանակակլիմայական գործոնների ազդեցությանը։ Եղանակի կանխատեսումը և վաղ նախազգուշացումը օգնում են զգալիորեն կրճատելու տնտեսական կորուստներն ու ապահովելու հասարակության կենսագործունեության անվտանգությունը։
Իրական և անհերքելի փաստ է, որ կլիմայի փոփոխությունը, ի դեմս եղանակային ծայրահեղ երևույթների, ջրի հիմնախնդիրների, ջերմոցային գազերի արտանետումների, դարձել է մեր ժամանակների վճռորոշ մարտահրավերը և ակնհայտ է, որ  մեր մոլորակի, սերունդների ապագան կախված է նրանից, թե ինչպես մենք կարձագանքենք այդ մարտահրավերին, որոնց հետևանքներն աղետալի կլինեն, եթե մենք հիմա չգործենք»,-իր ելույթում նշել է նախարարը։
Նախարարն անդրադարձել է նաև վաղ նախազգուշացման համակարգի ներդրմանն ու զարգացմանն ուղղված քայլերին․
«Վաղ նախազգուշացման համակարգերը կլիմայի փոփոխության հարմարվողականության զարգացման հզոր միջոցներն են, ինչն այլևս անհրաժեշտություն է բոլոր երկրների համար։ Այն հնարավորություն է տալիս մարդկանց դիմակայել եղանակակլիմայական վտանգավոր երևույթներին՝ նվազագույնի հասցնելով կամ սահմանափակելով դրանց ազդեցությունը։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի, հարմարվողականության միջոցառումների մշակման գաղափարն իր շուրջն է հավաքում աշխարհի բոլոր երկրներին։ Որոնք պետք է գործեն միասնական՝ կրճատելով ջերմոցային գազերի արտանետումները, անցում կատարելով մաքուր էներգիայի օգտագործմանը։
Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականն է նաև խթանել ռազմավարական այն առաջնահերթությունները, որոնք միտված են եղանակի, կլիմայի, ջրի և այլ բնական երևույթների նկատմամբ դիմակայունության բարձրացմանը»։
Ելույթներով հանդես են եկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդականը, ՊՈԱԿ-ի գործընկեր կազմակերպոթյուններ։
ՊՈԱԿ-ի տնօերն Լևոն Ազիզյանը ներկայացրել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ 2023 թ․ գործունեության հիմնական արդյունքները և ձեռքբերումները։
Մասնագիտական տոների կապակցությամբ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների Շրջակա միջավայրի նախարարի և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար շնորհակալագրեր և պատվոգրեր են հանձնվել։
Միջոցառումն ամփոփվել է ավելի վաղ հայտարարված թեմատիկ մրցույթի հաղթող երեխաների պարգևատրմամբ։