Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,
Ի պատասխան վերջին սերնդի ավտոմատ օդերևութաբանական կայանի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա թողարկման մեջ տեղ գտած հրապարակման, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝
Օդերևութաբանական կայանների վերազինումը չի հանդիսանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձքննության ենթակա գործունեության տեսակ։
Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 11 ավտոմատ օդերևութաբանական կայան (ներառյալ երեք գոլորշաչափ), որոնք տեղադրվել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կայաններում։
Ավտոմատ կայանների գնման պահանջներում ՄԱԶԾ-ի կողմից ներկայացված է եղել պարտադիր նշում՝ ISO Certificate պահանջներ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան են և որոնց մեջ մտնում է նաև բնապահպանական պահանջներին համապատասխանության սերտիֆիկատը։ Եթե այդ սերտիֆիկատները չեն ներկայացվում, ապա տվյալ կազմակերպությունը չի կարող հաղթել գնման գործընթացը։
«Միկրոստեպ Միս» ընկերությունից ներկայացվել են հետևյալ սերտիֆիկատները՝
Microstep company has provided ISO/IEC 9001: 2015 Quality Management System certified, as well as has ISO/IEC 10006: 2017 Quality Management System in projects, ISO/IEC 14001: 2015 Environmental Management System, ISO/IEC 27001: 2013 Information Security Management System, ISO/IEC 17025: 2005 Accreditation of Calibration Laboratory, HMEI Member of the Association of Hydro-Meteorological Equipment Industry.
Տեղադրված ավտոմատ օդերևութաբանական կայաններն ամբողջությամբ ինտեգրված են տվյալների ստացման և մշակման միասնական համակարգին։ Տեղադրված ավտոմատ օդերևութաբանական կայանները համապատասխանում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության «Օդերևութաբանական սարքեր և դիտարկման մեթոդներ» №8 ուղեցույցի պահանջներին։
Համաձայն «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի 12-րդ հոդվածի օդերևութաբանական կայանների տեղադրումը կամ դրանց վերազինումը չեն հանդիսանում ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներ։
Միաժամանակ, հարկ է նշել, որ համաձայն հիշատակված օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի ևս ենթակա չէ ՇՄԱԳ-ի և փորձաքննության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քանի դեռ Կառավարության կողմից չի ընդունվել համապատասխան որոշում, որով կհաստատվեն պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները, մինչև այդ շարունակում են գործել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի համապատասխան դրույթները: Իսկ տվյալ դեպքում նշված կայանի վերազինումը չի կարող դիտարկվել որպես շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեություն։
«Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվության տարածելուց։
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներին և հասարակական կազմակերպություններին հրավիրում ենք Սևանի օդերևութաբանական կայան տեղում ծանոթանալու Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ստանդարտներին համապատասխանող, աշխարհի 150-ից ավելի երկրներում կիրառվող վերջին սերնդի ավտոմատ օդերևութաբանական կայանի աշխատանքներին։
