Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը մասնակցել է «Մերիդիան» էքսպոկենտրոնում ընթացող վերակառուցման և կազմակերպչական աշխատանքների շաբաթական առաջընթացին նվիրված քննարկմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են շինարարական, ենթակառուցվածքային և նախագծային աշխատանքների ընթացիկ փուլերը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ինժեներական համակարգերի արդիականացմանը, էլեկտրամատակարարման հզորությունների ավելացման անհրաժեշտությանը, որոնք կարևոր են էքսպոկենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Մասնակիցները քննարկել են նաև գործընթացում ի հայտ եկող տեխնիկական խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները, ինչպես նաև հաջորդ շաբաթների գործողությունների առաջնահերթությունները։ Ընդգծվել է աշխատանքների միաժամանակյա արագ և որակյալ իրականացումը՝ հաշվի առնելով ծրագիրը ժամկետներում ավարտելու կարևորությունը։
Հիշեցնենք, որ COP17 համաժողովի ընթացքում Կապույտ գոտու կամ BLUE Zone-ի համար նախատեսվող տարածքը «Մերիդիան» էքսպոկենտրոնն է։









