ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.11.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը մասնակցել է «Մերիդիան» էքսպոկենտրոնի շաբաթական առաջընթացի քննարկմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը, նախարարության ներկայացուցիչների հետ, մասնակցել է «Մերիդիան» էքսպոկենտրոնի վերակառուցման և կազմակերպչական աշխատանքների շաբաթական առաջընթացին նվիրված աշխատանքային հանդիպմանը։
ՀՀ կառավարության այս տարվա որոշմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 5 մլրդ 775 մլն դրամ է նախատեսվել «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ Ծրագրի նպատակն է ամբողջ տարածքը համապատասխանեցնել գալիք բարձր մակարդակի Համաժողովի կազմակերպման պահանջներին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ծրագրի կառավարման ընթացիկ հաշվետվությունը, քննարկվել են շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքը, լուծվող հարցերը և առաջիկա քայլերը։
Նախարարի տեղակալ Վահե Դավթյանը և նախարարի խորհրդականը պատասխանել են ներկաների հարցերին, ինչպես նաև ներկայացրել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչների հետ համագործակցության ընթացքը և կատարվող պատրաստականության աշխատանքները։