ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.10.2023
Սնդիկի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Ամբողջ աշխարհում սնդիկը շարունակում է օգտագործվել շատ ապրանքներում և ոլորտներում, օրինակ` մանոմետրերում և ջերմաչափերում, էլեկտրական անջատիչներում և ռելեներում, ֆլուորեսցենտային լամպերում, ատամնալիցքի սնդկազոդքում, սպիտակեցնող կրեմներում, դեղագործական պատրաստուկներում, կուտակիչների և վինիլքլորիդմոնոմերի արտադրության մեջ, ինչպես նաև ոսկու արդյունահանման և մշակման ժամանակ: 
Սնդիկի արտանետումների կարևոր աղբյուրների շարքին են դասվում` ածուխի այրման հիման վրա էներգիայի արտադրությունը, թափոնների այրումը, ցեմենտի, պողպատի և քլորալկալու արտադրությունը, ոսկու և այլ մետաղների արդյունահանումը, հրկիզումը, աղբյուսները և այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են անօրգանական քիմիական նյութերի արդյունաբերական արտադրությունն ու երկրորդային հալումը:
Արտանետումների արդյունքում սնդիկը պահպանվելով շրջակա միջավայրում` շրջանառվում է օդի, ջրի, հողի և կենսամիջավայրի միջև: Այն մանրէների ազդեցության տակ կարող է վերածվել սնդիկի առավել վտանգավոր միացության` մեթիլսնդիկի, ինչը տարածվում է սննդային շղթայում, հատկապես` ջրային միջավայրում: 
Մարդկանց մեծամասնությունը մեթիլսնդիկի ազդեցությանը ենթարկվում է սննդամթերքի, հատկապես ձկների միջոցով, իսկ տարրական սնդիկի ազդեցությունը տեղի է ունենում ատամնալիցքի ամալգամի և մասնագիտական գործունեության միջոցով (օրինակ՝ փոքրածավալ մետաղների արդյունահանում):
Սնդիկի աղբյուրներ կարող են հանդիսանալ սպիտակեցնող քսուքները, սնդիկի օգտագործումը ավանդական բժշկության մեջ և սնդիկի կենցաղային արտահոսքը:
Թունավորման ախտանիշներն են՝

  • գլխացավ,
  • բերանում չորության զգացում,
  • բերանում մետաղական համ,
  • ախորժակի նվազում,
  • սրտխառնոց,
  • որովայնում սուր ցավեր,
  • լուծ,
  • թուլություն։

Առաջին օգնությունը թունավորման դեպքում
Թունավորման բոլոր դեպքերում անկախ ծանրությունից պետք է անհապաղ դիմել բժշկի՝ տրամադրելով թունաքիմիկատի պիտակին նշված լրիվ տեղեկատվությունը։
Անհրաժեշտ է՝

  • տուժածին ազատել ճնշող հագուստից,
  • շնչուղիներով թունավորման դեպքում տուժածին հանել աղտոտված գոտուց և ապահովել մաքուր օդ,
  • մաշկային թունավորման դեպքում լաթով զգուշորեն հեռացնել թունաքիմիկատը մաշկի վրայից, ապա լվանալ առատ, սառը ջրով, հիմնային լուծույթով կամ օճառով,
  • աչքերի մեջ ընկնելու դեպքում՝ լվանալ առատ ջրով, սոդայի կամ բորաթթվի լուծույթով։
  • աղեստամոքսային տրակտի թունավորման դեպքում՝ խմեցնել մի քանի բաժակ ջուր (ցանկալի է գոլ) կամ մանգանա-կալիական թույլ վարդագույն լուծույթ,
  • առաջացնել փսխում
  • գրգռիչ թունավոր նյութեր կուլ տալու դեպքում (օր․՝ ֆորմալին) խմեցնել որևէ պարուրող նյութ (օր․՝ օսլայի մածուկ)։ Չի կարելի տալ կաթ, ճարպեր, ալկոհոլային խմիչքներ,
  • մաշկային արյունահոսության դեպքում՝ դնել ջրածնի պերօքսիդով թրջած տամպոններ,
  • քթային արյունահոսության դեպքում՝ դնել սառը թրջոցներ քթարմատին և ծոծրակին, իսկ քթի մեջ՝ ջրածնի պերօքսիդով կամ խիտ աղային լուծույթով թրջված տամպոններ։