ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.06.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի կոմիտեի նիստի և տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է  Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի կոմիտեի նիստի և տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպմանը: 
Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնին Ծրագրի արդյունավետ իրականացման և շարունակական համագործակցության համար։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն և այս համատեքստում  բարձր է գնահատում նաև Ռեսուրսների համաշխարհային ինստիտուտի (WRI) և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի Ծրագրի (UNEP)՝ ոլորտում ունեցած փորձը, ինչը նշանակալի ավանդ ունեցավ Ծրագրով նախատեսված գործողությունները  արդյունավետ իրագործելու համար։ 
Սույն Ծրագրի առանցքային նպատակն էր հասանելի դարձնել այն տեխնոլոգիաները և տեղեկատվական գործիքները, որոնք հնարավորություն կտան մեզ՝ որոշում կայացնողներիս մեղմել անորոշությունները, նվազագույնի հասցնել ռիսկերը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում քաղաքականություն մշակելու և գործողությունները պլանավորելու ընթացքում։
Հասանելի տեղեկատվության ճշգրիտ վերլուծությունը և տվյալների կառավարումը էապես կնպաստի նաև անտառների կայուն կառավարմանը և կենսաբազմազանության պահպանությանը՝ արդյունավետ հողօգտագործման և անտառային լանդշաֆտների վերականգնման համար նպաստավոր պայմանների ստեղծման միջոցով»,-նշել է նախարարի տեղակալը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, գնահատվել են ձեռքբերումները, ինչպես նաև հատկորոշվել են հաջորդիվ քայլերը՝ Ծրագրի վերջնարդյունքները առավելագույնս արդյունավետ կիրառելու համար։