ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.06.2023
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում քննարկում

Հայաստանի Հանրապետությունում պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց լուծման հնարավոր ուղիների մշակման նպատակով շահագրգիռ գերատեսչությունների և տնտեսվարողների մասնակցությամբ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում քննարկում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել պլաստիկի վերամշակման գործընթացի պատշաճ կազմակերպմանը խոչընդոտող գործոններին, հնչել են առաջարկներ դրանք հաղթահարելու ուղղությամբ։
Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը կրկին խոսել է պլաստիկ թափոնների՝ բնության և մարդկության վրա թողնող բացասական ազդեցությունների մասին և փաստել, որ աղբի կառավարումը համալիր մոտեցում է պահանջում, ուստի պետք է միավորել բոլոր ջանքերը առկա բնապահպանական խնդրին արդյունավետ լուծում տալու նպատակով։
Հիշեցնենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված. 
մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (բոլոր չափերի ափսեներ և բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) տրամադրման վրա։