ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2024
Կազմակերպվել է անտառային ոլորտում գործունեության ծավալող գերատեսչությունների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ընդլայնված հանդիպումը

Անտառների արդյունավետ կառավարումը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում:
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է արդյունավետ համագործակցության ապահովման նպատակով հանդիպումները։
Անտառների օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր անտառային ոլորտում գործունեության ծավալող գերատեսչությունների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում։
Հանդիպմանը մասնակցել են վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին, նախարարը նախ շնորհավորել է Անտառների միջազգային և Հայաստանում նշվող անտառագետի օրվա առթիվ և խոսել անտառների դերի ու նշանակության մասին։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները և անտառների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված նախարարության կողմից իրականացվող ամենամեծ նախաձեռնությանը՝ Էկոպարեկային ծառայության ստեղծմանը։
Նախարարը խոսել է նախատեսվող անտառտնկումների, ընթացիկ ծրագրերի մասին և այդ համատեքստում բարձր գնահատել միջազգային գործընկերների աջակցությունը երկրի բնապահպանական խնդիրների մեղմման հարցում։
Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը վերահաստատել է Կառավարության հանձնառությունը՝ վերականգնել և ավելացնել անտառածածկ տարածքները։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցութունը և խնդիրների լուծմանը համագործակցային մոտեցումը։
Հանդիպման ընթացքում նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ անտառային քաղաքականությունն ու կայուն կառավարումն ապահովող ռազմավարության ուղղությունները և խոսել իրականացվող ծրագրերից։
Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը խոսել է ծառայության կառուցվածքից, «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների և ծառայության լիարժեք գործարկման համար անհրաժեշտ քայլերից։ 
Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը ծրագրերի շարունակականության և համագործակցային հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ: 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները։