Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը:
Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին (Ծրագրի խորհրդի համանախագահ) և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի կազմի անդամները։
Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։
Նիստի ընթացքում քննարկվել են հոկտեմբերից ամսից մինչ հիմա գրանցված առաջընթացը և վերհանված մարտահրավերները:
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
«Ինչպես գիտեք Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող այս ծրագրի բնապահպանական նպատակը շենքային ֆոնդի հետ կապված ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է, ինչը համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված նպատակներին, ինչպես նաև Հայաստանի միջազգային պարտավորություններով ստանձնված թիրախներին:
Հայաստանում շենքերում սպառվում է վերջնական էներգիայի շուրջ 35 տոկոսը, ուստի՝ շենքերում էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ի հավելումն սոցիալական օգուտների, նպաստում է նաև մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացմանը և շենքային ֆոնդի պահպանության քաղաքականությանը։
Ինչ վերաբերվում է Ծրագրի մարտահրավերներին, որոնք ներառում էին որոշումների կայացման և փաստացի աշխատանքների կատարման երկարաձգումներ, ցանկանում եմ նշել, որ դրանց մի մասը հասցեագրվել է, այդ թվում՝ համայնքների սուբվենցիոն ծրագրի առաջարկների մեծամասնության հաստատումը, Ֆինանսների նախարարության հետ համաձայնագրի ստորագրումը, Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ելքի ռազմավարության հաստատումը»,-նշել է նախարարի տեղակալը։
Ելույթնով հանդես է եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ով կարևորել է Ծրագրի կողմ գերատեսչությւոնների միջև սերտ համագործակցությունը։
Ելույթներով հանդես են եկել Ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը և Ծրագրի առաջին բաղադրիչի պատասխանատու Արմեն Աջամօղլյանը։ Առաջիկա գործողությունների, առկա խնդիրների, մարտահրավերների ու խոչընդոտների մասին զեկույցով հանդես է եկել Ծրագրի միջազգային ղեկավար Ռուսուդան Տաշուրին։