ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2026
Մանչեսթեր աշխատանքային այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար, Բնության նախարար Մերի Գրեգի հետ

Մանչեսթեր աշխատանքային այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար, Բնության նախարար Մերի Գրեգի հետ։
Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Քննարկել են նախապատրաստական աշխատանքների շրջանակում միջազգային գործընկերների ներգրավման և համագործակցության խորացման ուղղությունները, մասնավորապես՝  կարողությունների զարգացումը, մասնագիտական օրակարգերի համադրման հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի հաջող անցկացման համար անհրաժեշտ կազմակերպչական և քաղաքական աջակցության ձևաչափերը։
Միաժամանակ անդրադարձել են նախորդ երեք հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ ամփոփելով արդեն իրականացված քայլերը, արձանագրելով այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ է  գործնական աշխատանքի առավել ակտիվ իրականացումը, և նախանշել են հաջորդ փուլում կատարվելիք համատեղ աշխատանքի կոնկրետ գործողությունների քարտեզը։ 
Այսպիսի շարունակական երկխոսությունը կարևոր է՝ ապահովելու համար, որ COP17-ը դառնա  երկարաժամկետ ազդեցությամբ համաժողով՝ շահավետ թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի և թե՛ գլոբալ կենսաբազմազանության օրակարգի համար։