ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.02.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ա. Մազմանյանը, Ա. Մեյմարյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։
Նախարար Հակոբ Սիմիդյանը, ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և  արձանագրել, որ Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև առկա է ավելի քան 12 տարվա համագործակցության հաջողված փորձ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ CNF-ի օժանդակությամբ համատեղ ծրագրեր են իրականացվում, ակնառու է աշխատանքի արդյունավետության բարձրացում։
Նախարարը նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը չափազանց կարևորում է և գնահատում կատարված աշխատանքը, ինչպես նաև հույս է հայտնել, որ նման ձևաչափի հանդիպումները նոր ազդակ կհաղորդեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին և համագործակցության մակարդակի ավելի բարձր նիշ կսահմանվի։
Իր հերթին պարոն Մյունխմայերն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ օգտավետ համագործակցության համար, որի արդյունքում հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ բարեփոխումներ։ 
Նա խոստացել է անել հնարավորն արդյունավետ  համագործակցության շարունակականության պահպանման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հետ համագործակցության մի շարք աշխատանքային հարցեր և ընթացիկ ու առաջիկա ծրագրեր։
Քննարկվել է շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում կառուցվածքային փոփոխությունների հարցը և համագործակցության նոր ծրագրեր ներգրավելու հնարավորությունը։
Անդրադարձ է կատարվել Կովկասի բնության հիմնադրամի և Շրջակա միջավայրի նախարարության  2009թ. մայիսի 22-ին կնքված շրջանակային համաձայնագրին, որը, ի թիվս այլի, նախատեսում է ԿԲՀ-ի կողմից դրամաշնորհների տրամադրում որոշակի ԲՀՊՏ-ների` նույն համաձայնագրով սահմանված «Ընթացիկ ծախսերը» ֆինանսավորելու համար։
Նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ առաջիկայում աշխատանքային հանդիպումների և քննարկումների միջոցով կփորձեն առավել համակարգային անդրադառնալ թեմային։