ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.02.2022
Մշտապես մեր կողքին...

Երևանի պետական  համալսարան ի իրավագիտության ֆակուլտետի Գիտական  խորհրդի որոշմամբ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնն անվանակոչվել է պրոֆեսոր Աիդա Բագրատի Իսկոյանի անվամբ: Այդ կապակցությամբ կազմակերպված միջոցառմանն այսօր ներկա էին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ  շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, պրոֆեսորի ընտանիքի անդամներ, հասարակական կազմակերպությունների անդամներ,  ուսանողներ:
Ա.Իսկոյանի ղեկավարման տարիներին էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնն ակտիվ գործունեություն է իրականացրել՝ ունենալով ծանրակշիռ խոսք թե՛ գիտակրթական ոլորտում, թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ էկոլոգիական հանրության շրջանում: Նա այն նվիրյալն էր, ով չնայած կյանքի դժվարություններին, իր մեջ ուժ գտավ մինչև կյանքի վերջին շունչը ծառայելու հայրենիքին, գիտությանը, կրթությանը՝ հավատարիմ մնալով իր մասնագիտությանը, իր ասպիրանտներին ու ուսանողներին:  
ԵՊՀ  Իրավագիտության ֆակուլտետի «Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի» ներկայիս տնօրեն Օլիմպիա Գեղամյանն իր խոսքում նշեց․ «Աիդա Իսկոյանը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում իրավունքի նոր ճյուղ և դասընթաց ներմուծելու և կայացնելու գործում արձանագրել է աննախադեպ հաջողություններ՝ թողնելով մեծ ժառանգություն ՀՀ էկոլոգիական իրավունքի ոլորտում: Որպես ամուր հենասյուն է հանդես եկել շատ հաճախ  թե՛ օրենսդրական նախագծերի կազմման, թե՛  դրա կիրառության ոլորտին նպաստելու, թե՛ սերունդներին իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու գործընթացներում:  Պահանջված մասնագետ է եղել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանի Դաշնությունում, Շվեյցարիայում և մի շարք այլ երկրներում, որպես մասնագետ տարբեր գործընթացներում ներգրավվելու, միջազգային հարյուրավոր կոնֆերանսների Հայաստանը ներկայացնելու,  ավելի քան տասը տարի «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» /Օրհուսի/ կոնվենցիայի ազգային համակարգող հանդես գալու  ոլորտներում: Մեծ է եղել աջակցությունը նաև համապատասխան ոլորտի պետական կառավարման գործընթացին>:
Միջոցառման ընթացքում ելույթներով, հիշատակի խոսքով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Շրջակա միջավայրի նախարարության քարտուղարության պետ Նաիրա Ալավերդյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը և այլոք։
ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտից, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոսից, այնուհետև Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչից, ՀՀ Բնապահպանության նախարարի խորհրդականից մինչև Էկոլոգիական իրավունքի կենտրոնի տնօրենի պատասխանատու աշխատանքի ստանձնումը պայմանավորված է եղել գիտնականի և հոգենվիրումով գործող մարդու նրա արժանապատիվ կեցվածքով:  
Աիդա Իսկոյանի ձեռքբերումները քրտնաջան աշխատանքի ու հանրությանը մատուցած ծառայությունների դիմաց պետական, հասարակական ու մտավորական շրջանակների երախտագիտության արտահայտությունն են: Այդ մասին են վկայում «Մխիթար Գոշի», ՀՀ բնապահպանության նախարարի, ՀՀ կրթության և գիտության նախարարի գերատեսչական մեդալներն ու  պարգևները: