ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.05.2021
Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի և Environment and Health ՀԿ-ի հետ համատեղ մշակել է «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շարքը: Նախաձեռնության նպատակն է մարզերի և Երևանի դպրոցների 7-11-րդ դասարանների աշակերտների շրջանում բարձրացնել օզոնային շերտի քայքայման վերաբերյալ իմացության մակարդակը, զինել տեղեկատվությամբ ու հմտություններով և խրախուսել երիտասարդների ներգրավվածությունն այս գլոբալ բնապահպանական մարտահրավերի լուծման հարցում:
Կրթական միջոցառումների առաջին փուլը մեկնարկել է մայիսին: Այս փուլում մայիսի 4-11-ը իրականացվել են 15 հեռավար դասընթացներ՝ Zoom-վեբինարներ՝ նվիրված օզոնային շերտի քայքայմանն ու պահպանմանը, որոնց մասնակցել են շուրջ 450 աշակերտ և ուսուցիչ 240 դպրոցներից:
Վեբինարներից մեկում մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը վստահեցնելով, որ որպես պետական մարմին երիտասարդների համար կապահովի հնարավորություն այս և այլ բնապահպանական թեմաների շուրջ գիտելիքներն ընդլայնելու գործում:
Նախաձեռնության երկրորդ փուլը միտված է լինելու «Օզոնը մեր կյանքում»  թեմատիկ տեսաֆիլմերի մրցույթի իրականացմանը և ամառային ճամբարի կազմակերպմանը։
Կատարված և նախատեսվող միջոցառումների մասին առաջինը տեղեկանալու համար կարող եք հետևել նաև Օզոնի ծրագրի ինսթագրամյան պաշտոնական էջին։