ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.12.2024
Միասին նշենք Լեռների միջազգային օրը

Դեկտեմբերի 11-ին աշխարհը նշում է լեռների միջազգային օրը. օր, որն ընդգծում է լեռնային էկոհամակարգերի կարևորությունը և դրանց նշանակությունը մարդկության համար: 
Լեռների միջազգային օրն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, որը նվիրված էր Լեռների միջազգային տարվա արդյունքներին։ Նշվում է ամեն տարի դեկտեմբերի 11-ին՝ սկսած 2003 թվականից։
Գլխավոր ասամբլեայի բանաձևում համաշխարհային միությանն առաջարկվել է «այդ օրը կազմակերպել միջոցառումներ բոլոր մակարդակներում՝ նպատակ ունենալով հանրահռչակել լեռնային շրջանների կայուն զարգացման նշանակությունը»։
2024 թվականին Լեռների միջազգային օրը (IMD 2024) կենտրոնանում է ժողովրդների կարողությունների և կարիքների վրա՝ եռակի մոտեցման միջոցով՝ «Լեռնային լուծումներ կայուն ապագայի համար՝ նորարարություն, հարմարվողականություն և երիտասարդություն» խորագրով։
Սիրելի' երիտասարդներ, լեռնասեր պատանիներ,
Դեկտեմբերի 11-ին 14:00, սիրով սպասում ենք ձեզ Հայաստանի բնության պետական թանգարան՝ միասին նշելու Լեռների միջազգային օրը և  խոսելու այդ կարևորագույն էկոհամակարգերից, Հայաստանում լեռնագնացությունից և լեռնագնացության միջոցով բնությունը ճանաչելու ճանապարհից։
Միջոցառման հատուկ հյուրն է լինելու լեռնային ուղեկցորդ, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ, «North Peak» լեռնային ակումբի հիմնադիր և ղեկավար Սամվել Մանուկյանը, ով ներկաների հետ կկիսվի իր փորձով ու գիտելիքներով։
Հասցե՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի պող., 34 շենք։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 11 818 555, ներքին 5170 հեռախոսահամարով։