«Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է օրենքի դրույթներից մեկի կիրառման փուլում: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում:
Ըստ այդմ՝ նախարարի տեղակալի խոսքով տարեկան ծրագրի մշակումը մեր երկրի բյուջետային գործընթացի մասն է եւ սահմանված կարգով յուրաքանչյուր տարի գալիք տարվա տարեկան ծրագրի նախագիծը Կառավարության քննարկմանն է ներկայացվում այդ գործընթացի շրջանակում՝ մինչեւ սեպտեմբերի առաջին տասնօրյակ:
Տարեկան ծրագիրը հաստատվում է Կառավարության համապատասխան որոշմամբ, որից հետո Կառավարությունն այն Ազգային ժողով է ներկայացնում՝ պետական բյուջեի նախագծի կազմում: Ազգային ժողովը հաստատում է պետական բյուջեն: Սակայն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի տարեկան ծրագիրը ներառում է նաեւ «Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների, այդ թվում՝ ձկնային եւ խեցգետնային, արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները եւ արդյունագործական որակի բնութագրերը՝ ամսական կտրվածքով» միջոցառումը:
Ըստ Արա Մկրտչյանի՝ այդ չափաքանակները հնարավոր է սահմանել տարեկան ծրագրի ընդունումից հետո միայն:
«Յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրակում է մրցույթ՝ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչն ավարտվում է դեկտեմբերին: Հիմք ընդունելով ուսումնասիրության արդյունքները՝ տարեկան ծրագրի որոշման մեջ կատարվում է փոփոխություն. սահմանվում է ընթացիկ տարվա համար արդյունագործական ձկնորսության չափաքանակ: Այդ պատճառով տարեկան ծրագրում միջոցառման կատարման նկարագրում նշվում է, որ դրա կատարումը հնարավոր է ապահովել տարեկան ծրագրի հաստատումից հետո՝ հիմք ընդունելով այդ կետի կատարման համար անհրաժեշտ տվյալների ստացումը»,- նշել է նա:
Ուստի, նախագծով առաջարկվում է օրենսդրական խնդիրներից խուսափելու համար օրենքի համապատասխան կետում կատարել փոփոխություններ՝ հանելով այդ խնդրահարույց կետը՝ տարեկան ծրագրով սահմանելու պահանջը, եւ այդ լիազորությունը վերապահել Կառավարությանը, որն էլ կսահմանի արդյունաբերական որսի չափաքանակները:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սերգեյ Բագրատյանը: