ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.04.2023
Կկանոնակարգվեն ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում շրջանառել է «Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Սույն նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:  Նախագծով ներկայացված  կարգի համաձայն՝ տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել համապատասխան ֆինանսական երաշխիքներ՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ փոխանցված գումարի տեսքով, հետագայում դրանք չշահագործելու պարագայում պետության կողմից այդ հորերի լուծարման կամ կոնսերվացման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։
Որոշման նախագծի ընդունմամբ ջրային ռեսուրսների ոլորտի կառա­վար­ման գործընթացներում կներդրվի Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ, ինչը կնպաստի Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վերականգնման, ինչպես նաև  չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացմանը։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/5584/justification