Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը հանդիսանում են Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը: Բոլոր բնաղբյուրներն օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար, ուստի Արարատյան արտեզյան ավազանի ապօրինի օգտագործման և գերշահագործման հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է, ինչով էլ պայմանավորված է սույն կարգավորման անհրաժեշտությունը և հրատապությունը։
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման հետ կապված խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացություն։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է վարչական պատասխանատվություն ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար։
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է իրավական հիմք հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար։
Վերոնշյալ նախագծերի ընդունումը կնպաստի փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների կարգավորմանը և «փակ շրջանառու համակարգ» հասկացության հստակեցմանը։