ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.11.2023
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթը

Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։
Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից և դրանց փոփոխություններից ու լրացումներից, ինչպես նաև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից և Ճանապարհային քարտեզից: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ապահովել ոլորտի կարգավորիչ իրավական ակտերի ներդաշնակեցում:
Ճանապարհային քարտեզում ամրագրված կանոնակարգով օզոնային շերտը քայքայող նյութերը վերականգնելու պարտավորություններ պետք է սահմանվեն 2024 թվականից, ինչը նշանակում է, որ նոր հասկացությունները պետք է արտացոլվեն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում: 
Բացի այս, նույն ժամանակահատվածում պետք է տեղայնացվեն և, որպես պարտավորություն, Օրենքում ներառվեն Կանոնկարգի այն դրույթները, որոնք վերաբերում են օզոնային շերտը քայքայող նյութերի հոսակորուստներին և հոսակորուստների դիտանցմանը, ինչպես նաև ամբողջական մասնագիտական սպասարկմանը, որոնք իրականացվելու են համապատասխան տնտեսավարողների կողմից իրենց շահագործման ներքո գտնվող օդորակման, սառնամատակարարման, ջերմային պոմպերի, ինչպես նաև հրդեհապաշտպան համակարգերի նկատմամբ:
Օրենքով սահմանվելու է՝
-պարտականություն տնտեսավարողների համար՝ պետական համապաստասխան կառույցի գրավոր կամ էլեկտրոնային պահանջի դեպքում սահմանված կարգով ներկայացնելու վերը նշված կայանքների սպասարկման և հոսակորուստների դիտանցման վերաբերյալ հաշվառված տեղեկատվությունը
պարտականություն հոսակորուստների հայտնաբերումից հետո դրանց վերացման 
-նախատեսվելու է օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում այդ կայանքներում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի և հաշվառման մատյանի ձևի հաստատման Կառավարության լիազորությունը:
-Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնակատեր հաշվառված ֆիզիկական անձինք պարտավոր են Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում՝ լիազոր պետական մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: