ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.11.2023
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում կատարված փոփոխությունների շրջանակում՝ շահագրգիռ հանրության ծանուցումը, հանրային լսումների իրականացումը և դրանց ներկայացվող պահանջները

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում կատարված փոփոխությունների շրջանակում՝ շահագրգիռ հանրության ծանուցումը, հանրային լսումների իրականացումը և դրանց ներկայացվող պահանջները
-Հոդված 28. 
1. Շահագրգիռ հանրությունն իրավունք ունի մասնակցելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ), ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և փորձաքննության գործընթացներին։
2. Լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և նախաձեռնողը սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կարգով ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներին շահագրգիռ հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով իրականացնում են՝
1) ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներն սկսելու և դրանց մասնակցելու իրավունքի մասին տեղեկատվության տարածում.
2) ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության փաստաթղթերի և այլ տեղեկատվության մատչելիության ապահովում.
3) հանրային լսումներին շահագրգիռ հանրության մասնակցության նպատակով  պաշտոնական կայքերով և մամուլի, զանգվածային լրատվության այլ միջոցներով, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, հանրային նշանակության շենքերի ցուցատախտակներին հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության, փորձաքննական գործընթացի վերաբերյալ շահագրգիռ հանրության իրազեկում:
3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության գործընթացում անցկացվում է 2 հանրային լսում.
- 1-ին հանրային լսումն իրականացվում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության տրամադրման փուլում,
- 2-րդ հանրային լսումը՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված՝ փորձաքննության ընթացքում։ 
- Հանրային լսումներից առաջ սահմանված կարգով ապահովվում է հանրային լսումների ծանուցումը։                                         
4. Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ-ի) հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝
1) նախաձեռնողի անունը (անվանումը).
2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի անվանումը.
3) ամփոփ նկարագիրը.
4) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը.
5) հանրային լսումների իրականացման ժամկետները, վայրը.
6) տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները։
5. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝
1) նախաձեռնողի անունը (անվանումը).
2) նախատեսվող գործունեության տեսակը.
3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը և ամփոփ նկարագիրը.
4) հանրային լսումների իրականացման ժամկետները և հասցեն.
5) փաստաթղթերին ծանոթանալու և տեղեկատվության ստացման հնարավորությունը, առաջարկություններ ներկայացնելու համար նախատեսված հասցեն:
6. Հանրային լսումների վերաբերյալ ծանուցումը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, փակցվում է մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի) հայտարարությունների ցուցատախտակի վրա, հրապարակվում է ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, նախաձեռնողի պաշտոնական կայքերում (առկայության դեպքում): Փորձաքննության ընթացքում ծանուցումը տեղադրվում է նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
7. Փորձաքննության ընթացքում հանրային լսումներն իրականացվում են ծանուցումից ոչ շուտ, քան 15-րդ օրը: