ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.11.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկման

Հայաստանի անտառային դաշինքի հրավերով նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկման։
Քննարկմանը ներկա էին վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, ներկայացուցիչներ նախարարությունից, ուսումնական հաստատություններից, ոլորտի գիտական և հասարակական կազմակերպություններից, լրագրողներ։
Շուրջ 4 ժամ տևած ընդլայնված քննարկման արդյունքում նախարարը գործընկերների հետ առանձնացրել է ոլորտի խնդիրները, բավականին անկեղծ գնահատել դրանք, յուրաքանչյուրի մասով ներկայացրել ընթացիկ իրավիճակը, անդրադարձել իրականացվող միջոցառումներին։
Ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում անտառային լանդշաֆտի վերականգնման ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կողմերի ներկայիս ջանքերին, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրերին և առկա կարողություններին՝ թե ֆինանսական, և թե՛ մարդուժի տեսանկյունից։
Առանձին անդրադարձ է կատարվել Շրջակա միջավայրի նախարարության կազմում ձևավորված Էկոպարեկային ծառայությանը։ Նախարարը պատասխանել է  ներկաներին հուզող հարցերին, դրանք բազմաթիվ էին՝ սկսած ծառայության համալրման ընթացակարգերից ու ծառայողների մասնագիտական վերապատրաստումներից մինչև վերազինում և պետական այլ գերատեսչությունների հետ համագործակցության ձևաչափեր։
Քննարկվել է Հայաստանի անտառներում սոճիների շրջանում տարածված խնդիրը  և անտառների պահպանման ու վերականգնման համար նախատեսված միջոցառումները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարությունում առավել ընդգրկուն կազմով շարունակել այս թեմայի քննարկումները։
Նախարարը   ներկաներին իրազեկել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնված անտառտնկման թվային հարթակի մասին։
«Հույս ունենք այս հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մասնակից դարձնել անտառտնկման գործընթացին։ Մասնակցային նոր մոտեցումը հնարավորություն է տալու քաղաքացուն առցանց ընտրել տարածքը, հեկտարը, տնկվող ծառատեսակները, ժամկետը և կատարելով վճարում ծառատունկ իրականացնել։ Ողջ գործընթացի ընթացքում ապահովված են լինելու թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքները»,- նշել է նախարարը։
Իր խոսքում Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ անդրադարձել է անելիքների մեկտեղման և մեկ միասնական օրակարգով առաջ շարժվելու անհրաժեշտությանը։
Հանդիպման ընթացքում հնչել են շատ կարևոր զեկույցներ Շրջակա միջավայրի նախարարության և գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը որոշիչ դեր կունենա հետագա համագործակցության և աշխատանքների արդյունավետության բարձրացման տեսանկյունից։