Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակ սահմանել 189 տոննա և որսի իրականացման ժամկետը սահմանել մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
2025 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։
Նախագծի ընդունման հիմք է հանդիսացել Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2025 թվականի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված առաջարկությունները:
