ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.11.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
Նախարարը ողջունել է գործընկերներին և մեկ անգամ ևս ընդգծել հայ-գերմանական երկկողմ համագործակցության կարևորությունը շրջակա միջավայրի ոլորտում։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկին (KfW)՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բարեփոխումներին աջակցության և դրա զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի համար։
Գերմանական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն կառավարմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումները․ նախարարը գործընկերներին է ներկայացրել մասնավորապես անտառների, կենսաբազմազանության և ջրային ոլորտի օրնսդրական կարգավորումները։
Քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո․ այն տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով, ինչպես նաև Գերմանիայի վերականգնվող վարկերի բանկի (KfW) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում շարունակվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական և ուղղվածության ներդրումային ծրագրերը՝ ուղղված Սյունիքի մարզի պահպանվող տարածքների, անտառային տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը և դրանց պահպանությունն իրականացնող կառույցների կարողությունների զարգացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել սերտ շփումներն ու ընդլայնել փոխգործակցության ուղղությունները։