Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը մասնակցել է «Բնահեն լուծումները հողերի դեգրադացման կանխման համար» թեմայով սիմպոզիումի։
Նարինե Հակոբյանը հանդես է եկել զեկույցով՝ անդրադառնալով բնահեն լուծումների միջոցով բնապահպանական կայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին և դրանց դերին ազգային բնապահպանական նպատակներին հասնելու գործում:
«Բնապահպանական կայունության հասնելը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթությունն է, և բնահեն լուծումներն առանցքային են այս նպատակին հասնելու համար»,-նշել է Նարինե Հակոբյանը և անդրադարձել քայլերին, թե ինչպես է Հայաստանն աշխատում հողերի դեգրադացիայի դեմ պայքարի, անտառների կառավարման բարելավման և բնական ռեսուրսների պահպանության ուղղությամբ:
Իր խոսքում Նարինե Հակոբյանն անդրադարձել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, անտառային և խոնավ տարածքների ավելացմանն ուղղված միջոցառումներին։
Անդրադարձ է եղել նաև վաղ նախազգուշացման համակարգերի մշակման և գործարկման անհրաժեշտությանը։
Նարինե Հակոբյանն իր խոսքում նշել է, որ բնահեն լուծումների հաջող իրականացումը պահանջում է համապատասխան ֆինանսական ռեսուրսներ: Ահա թե ինչու է Հայաստանը մոբիլիզացնում ֆինանսավորումը բոլոր հնարավոր աղբյուրներից՝ ապահովելով, որ ծրագրերը կստանան աջակցություն և կայուն կլինեն երկարաժամկետ հեռանկարում:
Իր ելույթը Նարինե Հակոբյանը եզրափակել է անդրադարձով 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովին` COP17-ին.
«Մենք անհամբեր սպասում ենք մեր փորձի, մարտահրավերների և հաջողությունների մասին միջազգային հանրությանը պատմելու հնարավորությանը»։