ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2021
Կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2021-2030 թթ. վերանայված «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»

2019 թ. Մադրիդում կայացած Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի  Կողմերի 25-րդ համաժողովում (COP25), երկրները հայտարարեցին Փարիզյան համաձայնագրի ներքո համատեղ հավակնությունների ընդլայնման անհրաժեշտության մասին: 
Սույն փաստաթղթով Կառավարությունը հռչակում է իր հանձնառությունը մինչև 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 %-ով նվազեցնելու մասին։ 
ՀՀ կառավարությունը դեռևս 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել էր իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրում¬ները, որը 2017թ. փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ դարձավ Հայաստանի առաջին Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2015-2050թթ. ժամանակահատվածի համար։ 
Վերանայված՝ 2021-2030թթ. ԱՍԳ-ով Հայաստանը ներդաշնակեցնում է ԱՍԳ ժամկետ-ները երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետու¬թյունների համար սահմանված ժամկետներին՝ սահմանելով 10-ամյա ժամանակահատված: 
Վերանայված  ԱՍԳ-ն սահմանում է նաև այն առաջնահերթ ոլորտները, որոնցում կիրականացվեն գործողություններ ցածր-ածխածնային զարգացման ապահովման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների հարմարվողականության ուղղությամբ։ Այն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն Զարգացման Նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում:
Փաստաթղթի կարևոր բաղադրիչ է նաև թափանցիկության ընդլայնված շրջանակը, որով կապահովվի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի հանձնառությունների իրագործման առաջընթացի հաշվետվողականությունը։
Փաստաթղթի մշակման համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն աջակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագիրը: