Մարտի 22-ին՝ ջրային պաշարների համաշխարհային օրվա առթիվ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Բնության պետական թանգարանում հանդիպել է Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոցի աշակերտների հետ՝ քննարկելու Սևանա լճի խնդիրների լուծման վերաբերյալ նրանց առաջարկությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշակերտները Սևանա լճի հիմնախնդիրների շուրջ իրենց առաջարկներն էին ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն։
Ողջունելով աշակերտներին և միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի հիմնախնդիրներով աշակերտների հետաքրքվածության համար և շեշտել, որ հատկապես կարևոր է Սևանա լճի խնդիրների շուրջ նրանց մտահոգվածությունը։
«Շրջակա միջավայրում խնդիրները բազմաթիվ են ու բազմաբնույթ, բայց դրանք գրեթե բոլորը հետևանք են էկոլոգիական գիտելիքների պակասի և մշակույթի ցածր մակարդակի: Մենք չափազանց կարևորում ենք նաև, որ ձեր հետաքրքրության առանցքում է հատկապես Սևանա լիճը և դրա հիմնախնդիրները։ Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ Սևանա լճի խնդիրների պատասխանատուն ոչ միայն Գեղարքունիքի մարզի բնակիչն է, այլև՝ հենց ինքը»,- նշել է նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալը հորդորել է աշակերտներին լինել պահանջատեր և իրավագիտակից քաղաքացիներ, որոնք անտարբեր չեն իրենց երկրում խնդիրների հանդեպ։
Հաջորդիվ թանգարանի տնօրենն աշակերտներին է ներկայացրել Հայաստանում ջրային ոլորտում առկա իրավիճակը, որից հետո ցուցադրվել է ֆիլմ՝ նվիրված Սևանա լճին։
Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարի տեղակալին՝ Սևանա լճի էկոհամակարգի, կենսաբազմազանության, լիճ թափվող գետերի մաքրության, կապտկանաչ ջրիմուռների, կեղտաջրերի հոսքը դեպի լիճ կանխելու և Սևանա լճի մակարդակի վերաբերյալ։
Նախարարի տեղակալը և նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը խոսել են յուրաքանչյուր խնդրի ուղղությամբ տարվող աշխատանքներից և բարեփոխումներից։
Երեխաները ներկայացրել են նաև խնդիրների լուծման իրենց տարբերակները։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալն աշակերտներին հրավիրել է մասնակցելու առաջիկայում նախատեսված շաբաթօրյակին և ծառատունկին՝ հիշեցնելով, որ շրջակա միջավայրի առողջությունը կախված է մեզնից և յուրաքանչյուրիս ամենափոքր ջանքը որոշիչ է օր առաջ ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու համար:
