Սեպտեմբերի 13-ը բնության հատուկ պահպանվող տարածքների օրն է, որը, այլ միջոցառումների թվում, նշանավորվել է նաև Շրջակա միջավայրի նախարարության և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի համատեղ կազմակերպած յուրահատուկ դաս-միջոցառմամբ։
Միջոցառումը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարի՝ ոլորտի մասնագետներին և մասնակիցներին հղված շնորհավորանք-ուղերձով։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտությունն ընտրած ուսանողները, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջից, մայրաքաղաքի և մարզերի դպրոցներից ժամանած սաներն ու ուսուցիչները հատուկ պահպանվող «Ջրվեժ» անտառպարկում ծանոթացել են բնության հատուկ պահպանվող տարածքներին, շրջակա միջավայրում նրանց դերին ու նշանակությանը։
Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հակոբ Մաթևոսյանը և ԲՀՊՏ-ները ներկայացնող ՊՈԱԿ-ների աշխատակիցները մասնակիցներին ծանոթացրել են նաև պահպանվող տարածքներում էկոզբոսաշրջության հնարավորություններին, բնության մեջ մարդկանց վարքի ու առաջին բուժօգնության կանոններին, պահպանվող տարածքներում էկոզբոսաշրջությանն առնչվող քաղաքականությանը, հնարավորություններին, մարտահրավերներին։
Հատուկ պահպանվող տարածքների էկոտաղավարներում ներկայացված էկոզբոսաշրջային գույքը՝ հեռադիտակները, վրանը, պաշտպանիչ ու լեռնային հանդերձանքը, մասնակիցներն անձամբ են փորձակել, մասնագետի օգնությամբ թաղարներում սոճու սերմնացան են կազմակերպել՝ այն խնամելու, ծառ դարձնելու պայմանով, բնապահպանական խաղ-վիկտորինայի մասնակից են դարձել, իսկ պահպանվող տարածքներում հանդիպող կազդուրիչ ու առողջարար թեյատեսակները կփորձեն տանը՝ ստացած բնապահպանական նոր գիտելիքները պատմելիս։
«Արգելոցապարկային համալիր»-ի մասնագետների ուղեկցությամբ քայլարշավ է անցկացվել անտառպարկի ողջ տարածքում, որի ընթացքում մասնակիցները բացահայտել են «Ջրվեժ»-ի լճակը, ճեմուղիներն ու եզակի ծառատեսակները։
Միջոցառմանն առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերածները խրախուսվել են բնապահպանական նվերներով։