ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.05.2022
«ՀՀ բնակավայրերի ջրահեռացման բնագավառի զարգացման հայեցակարգ եւ դրա իրականացման միջոցառումների պլան» խորհրդատվական ծառայության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպում

Այսօր կայացել է «ՀՀ բնակավայրերի ջրահեռացման բնագավառի զարգացման հայեցակարգ և դրա իրականացման միջոցառումների պլան» խորհրդատվական ծառայության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպում, որն իրականացվում էր «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում: 
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի» ԵՄ գործողության եւ ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Հադիպմանը ներկա էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարաի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Նախարարի տեղակալը կարեւորել է ծրագրի իրականացումը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման համատեքստում, ինչպես նաեւ ջրահեռացման ոլորտի ներկա իրավիճակի և դրա խնդիրների բարձրաձայնման կարեւորությունը։
«Շրջակա միջավայրի նախարարության համար, ի թիվս այս ծրագրի մյուս բաղադրիչների, թերևս ամենակարևորագույն թիրախը Սևանա լիճ հոսող կեղտաջրերի մաքրման կարողությունների ստեղծումն ու բարելավումն է։
Այդ առումով «ՀՀ բնակավայրերի ջրահեռացման ոլորտի զարգացման հայեցակարգի» մշակումը նշված նպատակի իրականացմանն ուղղված առանցքային քայլերից մեկն է։
Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում համաշխարհային պրակտիկայում արմատական կերպով փոխվել են կեղտաջրերի կառավարման մոտեցումները: Եթե նախկինում այն ընդունվում էր սոսկ որպես կենսագործունեության արդյունք կամ աղտոտված ջուր, ապա այժմ այն դիտարկվում է որպես ռեսուրս, որը ենթակա է օգտահանման` դրանում պարունակվող օգտակար հատկությունների կորզման ու տարբեր բնագավառներում օգտագործման առումով։ 
Կենցաղային և արտադրական կեղտաջրերի կենսաբանական մաքրման գործընթացի պատշաճ իրականացումը հնարավորություն կտա մաքրված կեղտաջուրն օգտագործել տարբեր նպատակներով, ինչպես նաև անվտանգ օգտագործել կեղտաջրերի մաքրման արդյունքում կուտակված նստվածքն ու տիղմը, ինչը կհանգեցնի կենսական նշանակություն ունեցող ջրի խնայողությանը, ջրային ռեսուրսի հյուծման ու սպառման կանխարգելմանը և կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը»,-նշել է նախարարի տեղակալը։ 
«Բնակչությանը ջրամատկարարման և ջրահեռացման ծառայություններով ապահովելըպետության քաղաքականության առանցքային նպատակներից է, որտեղ հաշվի է առնվում տնտեսական արդյունավետությունը, սոցիալական արդարությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը: Այս առումով ջրահեռացման եւ կոյուղաջրերի ծառայությունների բարելավմանն ուղղված բարեփոխումներն ամենաբարդ խնդիրներից են և ունեն բախվոպ շահեր: Հուսով եմ, որ այսօրվա արդյունավետ քննարկման արդյունքներով կվերանայվի հայեցակարգը՝ առաջիկայում շրջանառելու նպատակով, որն ուղղված կլինի ջրային ոլորտի բարելավմանը», - ընդգծել է ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանը։
Աշխատարանի նպատակն էր EU4Sevan ծրագրի գործընկերներին ներկայացնել խորհրդատուի՝ տ.գ.թ Էդուարդ Մեսրոպյանի կողմից իրականացված «ՀՀ բնակավայրերի ջրահեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը եւ դրա իրականացման միջոցառումների պլանը» խորհրդատվական ծառայության արդյունքները: 
Քննարկվել են կեղտաջրերի հեռացման ու մաքրման բնագավառի զարգացման առաջարկները, կեղտաջրերի հեռացման ու մաքրման բնագավառի վերականգնման ու զարգացման համար առաջարկվող լուծումները, մանրամասնվեցին կեղտաջրերի հեռացման եւ մաքրման ոլորտի սակագնային քաղաքականությունն ու ոլորտի իրավական դաշտի վերլուծությունը: 
Ներկայացվել է նաեւ Կեղտաջրերի հեռացման ու մաքրման ոլորտի տեխնիկական լուծումներ, ներդրումային ծրագրեր եւ ինստիտուցիոնալ կառուցվածքը և այլ ընթացիկ աշխատանքային հարցեր։