Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին:
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ կատարվեց կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային բաղադրիչները։
Դեսպան Գալագերը հետաքրքրվեց Հայաստանի կարիքներով և առկա մարտահրավերներով՝ ընդգծելով Միացյալ Թագավորության պատրաստակամությունը աջակցելու գործընթացին։ Նա կարևորեց աջակցության առավել թիրախային և արդյունավետ ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը։
Հանդիպման շրջանակում քննարկվեց նաև Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» (Global Biodiversity Framework) իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը։ Նախարարը ներկայացրեց արդեն իսկ արձանագրված առաջընթացը։
Անդրադարձ եղավ նաև Հայաստանի հնարավոր մասնակցությանը COP30 համաժողովին և պատվիրակության ձևավորման հարցերին։ Կողմերը կարևորեցին նման համաժողովներում Հայաստանի ներգրավվածությունը՝ դիտարկելով այն որպես հնարավորություն փորձի փոխանակման և միջազգային կապերի խորացման համար։
Քանի որ դեսպան Գալագերը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, նախարարը շնորհակալություն հայտնեց նրան արդյունավետ և կառուցողական համագործակցության, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։
