ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.11.2025
Սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները

Սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները. 2026 թ. հուլիսի 1-ից չի թույլատրվելու պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերը արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ։
Գործադիրի որոշմամբ սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները: Որոշումը մշակվել է ի կատարումը Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի։
Սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրման պահանջներ, որոնք լիովին համահունչ են ԵՄ դիրեկտիվների պահանջներին։
Մասնավորապես՝ համաձայն քաղաքային կեղտաջրերի մաքրման մասին դիրեկտիվի՝ արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն այնպիսի նախնական մաքրման, որպեսզի՝ չվնասվեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերի մաքրման կայանները և հարակից սարքավորումները, չխոչընդոտեն կեղտաջրերի մաքրման կայանի շահագործմանը և տիղմի մաքրմանը, համաձայն արդյունաբերական արտանետումների վերաբերյալ դիրեկտիվի՝ եթե արտադրական օբյեկտը կոլեկտորով է միանում քաղաքային մաքրման կայանին, անհրաժեշտ է նախնական մաքրում, եթե կեղտաջրերը կարող են վնասել կամ ծանրաբեռնել կայանը և եթե կան վտանգավոր նյութեր (օր.՝ ծանր մետաղներ, թունավոր նյութեր, թթուներ կամ եթե առկա է մանրէաբանական վտանգ)։
Նախագծի ընդունումը կօգնի ապահովել, որ արտադրական կեղտաջրերը համապատասխան ձևով մաքրվեն մինչև ջրահեռացման համակարգ արտանետվելը։ Դա կնպաստի ջրահեռացման համակարգերի և մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը։