Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Նախարարի տեղակալը հանդիպում և առարկայական քննարկում է ունեցել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, առկա խնդիրներին և առաջիկա զարգացման հնարավորություններին։
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նախարարի ոլորտն համակարգող տեղակալին համառոտ զեկույցի տեսքով ներկայացրել է կառույցի գործունեության հիմնական առանցքները, կառաուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, տեխնիկական հագեցվածության ներկա վիճակը և իրականացվող ծրագրերը։
Քննարկվել են ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները։
Հանդիպման արդյունքում արձանագրվել և գույքագրվել են առաջիկա անելիքներն ըստ առաջնահերթությունների՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև մասնագիտական գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար կադրային սերնդափոխության և վերապատրաստման, տեխնիկական վերազինման ու նորարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտություն։
Կարևորելով ավագ սերնդի երկար տարիների հարուստ աշատանքային փորձը և կուտակած գիտելիքների ահռելի պաշարը, նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձել է կենտրոն երիտասարդ կադրերի ներգրավման և փորձի փոխանցման հարցին։
Նախարարի տեղակալի դիտարկմամբ պետք է ապահովել երիտասարդ մասնագետների բնականոն մուտքը պետական կառույցներ. երիտասարդները պետք է աշխատեն պետության համար առաջնահերթ համարվող ոլորտներում՝ և լիարժեք իրացնեն իրենց մասնագիտական գիտելիքները՝ նպաստելով համապատասխան ոլորտի զարգացմանը։