ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.04.2023
Համագործակցության հուշագիր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
Ապրիլի 5-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Երկրաբանի օրվան։ 
Միջոցառմանը մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Երկրաբանության արդի խնդիրները» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը՝ ներկայացնելով ոլորտում առկա հիմնախնդիրները։
Միջոցառման ընթացքում ԵՊՀ պրոֆ. Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի է ունեցել նաև «Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» հավաքածուների ժամանակավոր ցուցադրությունը։
Այնուհետև գործակցային հարաբերությունների ընդլայնման և խորացման, ինչպես նաև գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ 
Հուշագրում ամրագրված համագործակցության հիմնական ուղղություններից են.
ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների անցկացում ՊՈԱԿ-ում,
ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի, ուսումնական պրոցեսի ընթացքում անհրաժեշտ նյութերի և տվյալների տրամադրում, համատեղ գործնական դասերի կազմակերպում,
աշխատակիցների կարողությունների և հմտությունների բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում,
նիստերի, քննարկումների ու խորհրդատվությունների, ինչպես նաև գիտաժողովների, սեմինարների, այլ միջոցառումների համատեղ կազմակերպում և այլն։
2021 թվականից մինչև սույն թվականի ապրիլ ամիսը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 100-ից ավելի ուսանող մասնագիտական պրակտիկա է անցել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարբեր ստորաբաժանումներում՝ հիդրոլոգիայի, ստորերկրյա ջրերի մոնիթորինգի, օդերևութաբանության, աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայություններում և այլն։