ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.10.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանին և հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները՝ ուղղված բնապահպանական նախաձեռնությունների, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության, բնական պաշարների կայուն կառավարման և շրջակա միջավայրի կրթական ծրագրերի զարգացմանը։
Կողմերը անդրադարձել են նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (#CoP17) պատրաստական աշխատանքներին՝ դիտարկելով հնարավոր համագործակցության ձևաչափեր՝ համաժողովին Հայաստանի արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով։
Նախարար Մաթևոսյանը բարձր է գնահատել Հ. Հովնանյան հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք տարիներ շարունակ աջակցել են Հայաստանի բնապահպանական և գիտակրթական ոլորտների զարգացմանը։ Նա նշել է, որ նախարարությունը պատրաստ է շարունակել գործընկերությունը և համատեղ ծրագրերի միջոցով առաջ մղել բնապահպանական առաջնահերթությունները։
Հիմնադրամի ներկայացուցիչները ևս ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պետական և հասարակական նախաձեռնություններին, ինչպես նաև միջազգային հարթակներում Հայաստանի բնապահպանական օրակարգի առաջմղմանը։