ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2023
Հանդիսավոր կերպով նշվեց Օդերևութաբանության համաշխարհային և ՀՀ Օդերևութաբանի օրը

Մարտի 23-ին կայացել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2022 թվականի գործունեության արդյունքները։ 
Հանդիսավոր նիստին ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի գործընկերները։
Իր շնորհավորական ուղերձում նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել  բոլոր այն մարդկանց ու գործընկերներին, ում ջանքերի շնորհիվ ոլորտը զարգացում է ապրում.
«Հարգելի՛ անտառագետներ, ջրաբաններ և օդերևութաբաններ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոների առթիվ։ Արդեն երկրորդ տարին է, որ համաձայն Կառավարության որոշման՝ Հայաստանի Հանրապետությունում մարտի 21-ը նշվում է որպես Անտառագետի օր, մարտի 22-ը՝ որպես  Ջրաբանի օր, իսկ մարտի 23-ը՝ որպես օդերևութաբանի օր։ 
Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն պատասխանատու աշխատանքի համար, որը դրված է Ձեզ վրա։ Մեկտեղելով մեր ջանքերը անտառպահպանման և վերականգնման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, եղանակային ճշգրիտ կանխատեսումների գործում, վստահ եմ, որ կարող ենք առաջընթաց արձանագրել ոլորտի խնդիրների լուծման հարցում»,-նշել է նախարարը։
Շնորհավորելով գործընկերներին և շեշտելով օրվա խորհուրդը Լևոն Ազիզյանը կրկին անդրադարձել է օդերևութաբանական կանխատեսումների կարևորությանը.
«Օդերևութաբանական կանխատեսումներն արժեքավոր և պահանջված են գործունեության գրեթե բոլոր ոլորտների համար՝ տրանսպորտ, գյուղատնտեսություն, շինարարություն, էներգետիկա, արդյունաբերություն, ջրային ռեսուրսներ, զբոսաշրջություն, առողջապահության, պաշտպանություն, հանրության անվտանգություն և այլն։
Անկասկած է, որ լավ պատրաստված և բարձր որակավորում ունեցող օդերևութաբանների պահանջն այժմ ավելի քան երբևէ մեծ է։ Արագ փոփոխվող աշխարհում, հատկապես կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում  օդերևութաբանները, ջրաբանները, կլիմայագետները կարևոր դերակատարում ունեն սոցիալ-տնտեսական զարգացման խթանման և ամբողջ աշխարհում մարդկանց բարեկեցության նպաստման պայմանների աջակցության մեջ»։
Միջոցառման ընթացքում հյուրերը դիտել են ՊՈԱԿ-ի գործունեության վերաբեյալ ֆիլմ, ապա տնօրեն Լևոն Ազիզյանը հանդես է եկել ՊՈԱԿ-ի 2022 թվականի արդյունքների ու ձեռքբերումների ամփոփ զեկույցով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  օդերևութաբանի օրվա կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը  պարգևատրվել է վարչապետի շնորհակալագրով։
Մասնագիտական տոների կապակցությամբ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների Շրջակա միջավայրի նախարարի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար շնորհակալագրեր և պատվոգրեր են հանձնվել։
Միջոցառումն ամփոփվել է ավելի վաղ հայտարարված թեմատիկ մրցույթի հաղթող երեխաների պարգևատրմամբ։